Ինչու է Ռուսաստանը կրճատում զենքի մատակարարումներն Ադրբեջանին

 

ՌԴ-ն Ղարաբաղյան ապրիլյան պատերազմից հետո որոշել է փոփոխել Ադրբեջանին զինելու իր քաղաքականությունը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն օրերս Երևանում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքներին՝ ընդգծել է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը:

ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոսաչովը նշել է, որ Ռուսաստանն իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն, իմ ունեցած տեղեկատվությամբ՝ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասել է Կոնստանտին Կոսաչովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, Կոսաչովն ասել է. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրաինայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բազմիցս անդրադարձել են ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ նշելով, որ հայկական կողմը ոգևորված չէ այն փաստից, որ հայ զինծառայողին կրակում են ռուսական զենքից: Սակայն այս զգուշացումներից հետո ևս զենքի գործարքները շարունակվել են:

«168 Ժամի» հետ զրույցում եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանն «անտեղի» որակեց ռուս խորհրդարանականի բոլոր պատճառաբանությունները: Առաջին հերթին՝ նա ասաց, որ 1990-ական թվականներից հետո Ղարաբաղյան հակամարտության գոտում թեժ պատերազմի վերսկսման վտանգը եղել է միշտ, քանի որ կողմերը երբեք չեն կարողացել հասնել փոխզիջումների պատրաստակամության այն մակարդակին, որը թույլ կտար վերջնականապես լուծել այդ հակամարտությունը: Այդ դրությունը, նրա գնահատմամբ, ֆիքսել են ոչ միայն արևմտյան, այլև ռուսական դիտորդները:

Ուստի արդարացումը, թե Ուկրաինայում հակամարտությունն ավելի թեժ է, ավելի վտանգավոր, քան Ղարաբաղում, ըստ ռազմական փորձագետի, մեղմ ասած, սխալ է, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը եղել է և կա, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ:

Երկրորդ, ըստ Թրեյսի Ջերմանի, Ղարաբաղյան մեծ պատերազմից հետո կողմերը շարունակել են զինվել նորագույն տիպի սպառազինությամբ, դրանով իսկ պատրաստվել են պատերազմի, ավելի վստահ դարձել պատերազմական գործողությունների վերսկսման համար:

«Այսինքն` զենքի վաճառքով Ռուսաստանը նպաստել է պատերազմի վերսկսման հնարավորությանը, խթանել է ռազմատենչ հռետորաբանության սրումը և այդպես շարունակ: Չնայած բացառություններին, միջազգային պրակտիկայում անընդունելի է զենք մատակարարել հակամարտության մեջ գտնվող երկրի, որովհետև նա դա կարող է օգտագործել ցանկացած պահի: Եվ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս զենքերը միշտ կիրառվում են, ցավոք սրտի:

Ինչո՞ւ ենք մենք հետազոտություններ անցկացնում երկրների ռազմականացման մակարդակի վերաբերյալ, դրանք գնահատումներ են, որոնց նպատակն է՝ նաև ֆիքսել սպառազինության ավելցուկը երկրներում, տարածաշրջաններում, հակամարտության գոտիներում, որովհետև խոսքը զենքի մասին է, այո, զենք վաճառում են, բայց զենքը բանջարեղեն չէ, զենքի առևտուրը լուրջ քաղաքականություն է, պետք չէ միամտացնել, թե դա միայն առևտուր է, դա հստակ քաղաքականություն է, որի ներքո թաքնված է հակամարտության կառավարումը, ժամանակ առ ժամանակ թեժ հակամարտության, որը կողմերին կդնի Ռուսաստանից մեծ կախվածության մեջ, որի ականատեսն ենք մենք ներկայումս»,- ասաց Թրեյսի Ջերմանը:

Երրորդ կարևոր հանգամանքը, ըստ Ջերմանի, այն է, որ Ռուսաստանն այլևս չի կարողանալու իրականացնել ԼՂ հակամարտության գոտում իր սպառազինության բիզնեսը, քանի որ ամերիկյան կողմը սպառնում է պատժամիջոցներ կիրառել այն երկրների դեմ, որոնք ռուսական ընկերություններից զենք կգնեն, և խոսքը հենց Հայաստանի ու Ադրբեջանի մասին է:

«Հասկանալով, որ, այսպես թե այնպես, զենքի մատակարարման ծավալները կրճատվելու են, այս հանգամանքը Ռուսաստանն արհեստավարժ կերպով օգտագործում է՝ որպես հայկական կողմին «սխալների ուղղում» ցույց տալու պատրաստակամություն:

Ռուսաստանը նաև հասկանում է, որ Ադրբեջանի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս նրան վերջին երկու տարիներին և թույլ չեն տալու նաև առաջիկա տարիներին մեծ թափով սպառազինություն ձեռք բերել ոչ միայն՝ Ռուսաստանից, այլև՝ մնացած մատակարարներից, ինչը թույլ է տալիս ռուս գործիչներին պնդել, որ 2016 թվականի ապրիլից հետո կրճատվել են զենքի գործարքները:

Իրականում դրանք ներկայումս նույն ծավալով պարզապես հնարավոր չեն՝ ելնելով Ադրբեջանի տնտեսական և Ռուսաստանի արտաքին քաղաքական խնդիրներից»,- ասաց Թրեյսի Ջերմանը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ իրականությունն այն է, որ Ռուսաստանի վերաբերմունքը և մոտեցումները չեն փոխվել, այլ պակասել են այդ մոտեցումներն իրականացնելու հնարավորությունները:

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը մեզ հետ զրույցում նշեց, որ ապրիլյան պատերազմը Ղարաբաղում իսկապես կարևոր հանգրվան էր ռուսական կողմի համար՝ հասկանալու համար մի շատ կարևոր բան, որ զենք վաճառելով հակամարտող կողմերին՝ հնարավոր չէ լիովին վերահսկել դրա օգտագործումը շփման գծում: Ըստ նրա, ՌԴ իշխանություններն իսկապես հույս ունեին, որ կողմերը չեն ունենա այդ համարձակությունը՝ առանց Ռուսաստանի և գերտերությունների «թույլտվության» սկսել լայնածավալ ռազմական գործողություններ Ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Սակայն նրանք ևս համոզվեցին, որ եթե կա զենք, ապա այն կկրակի, և դա անվերահսկելի գործընթաց է: Հնարավոր է վերահսկել քաղաքական գործիչներին, բայց շփման գծում կանգնած ռազմական գործչին հնարավոր չէ պարտադրել չկիրառել ձեռքում գտնվող սպառազինությունը»,- նման տեսակետ հայտնեց Ֆելգենգաուերը:

Ըստ նրա, արժանահավատ են թվում խոսակցությունները, որ ծավալները կրճատվելու են կամ դիվերսիֆիկացված վաճառք է տեղի ունենալու, քանի որ անցանկալի սցենարները Մոսկվային պետք չեն: «Բայց կարծում եմ, սրանում կա նաև ուղերձ Արևմուտքին, քանի որ այս պահին շատ է քննարկվում Ուկրաինային հասած ամերիկյան սպառազինության հարցը: Մոսկվան փորձում է այս փուլում ավելի գիտակցված քաղաքականություն վարող ուժի տպավորություն ստեղծել, ցույց տալով, որ պատերազմի փուլում զենք չի վաճառում հակամարտող կողմերին»,- ասաց Ֆելգենգաուերը:

 

 

Be the first to comment on "Ինչու է Ռուսաստանը կրճատում զենքի մատակարարումներն Ադրբեջանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ