Առաջին ելման կետին խփենք, Ադրբեջանի ողնաշարը կջարդվի. Պետք է պատրաստ լինել

 

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Պարոն Շիրինյան, Ռուսաստանում մի քանի օրից ընտրություններ են, և իրավիճակը եռում է այդ երկրի շուրջ։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղված իրավիճակը, որքանո՞վ անցնցում տեղի կունենան ընտրությունները և ի՞նչ զարգացումներ սպասել։

-Ռուսաստանում գործող քաղաքական ուժերը՝ Նավալնին, Յավլինսկին և մյուսները, արդեն ռուսական քաղաքական երկնակամարում որևէ դերակատարում չունեն։ Յավլինսիկն Ելցինի ժամանակ առաջին դեմքերից էր, հիմա որևէ դերակատարություն չունի։ Այսինքն՝ այն թեզը, որ ազատականությունը Ռուսաստանում որևէ հեռանկար չունի և ճահիճի մեջ են լինելու, ապացուցվում է։ Այդ երկիրը վերադարձավ ռուսականության այն մոդելին, որը եղել է նախկինում՝ Իվան Ահեղ, Ստալին և այլն։ Այսինքն՝ ճիվաղների իշխանություն է եղել։ Քաղաքական իմաստով դա ավտորիտար ռեժիմ է, Պուտին կոչվածն էլ ավտոկրատ է։ Նման ռեսուրսներով Ռուսաստանում որևէ ցնցում հնարավոր չէ, որ լինի։Ինչ վերաբերում է Հայաստանին, եթե մեր իշխանությունը կարողանա չափավոր հեռավորություն պահպանել Ռուսաստանից, կշահի։ Ռուսաստանում այս պահին անկումային իրավիճակ է, բացի ռազմական արդյունաբերությունից մնացած ոլորտներում անկում է՝ կրթություն, արդյունաբերություն, մշակույթ և այլն։ Դրա համար էլ հիմար Դուգինը, Պրոխանովը, հայուկներ (армяшка) Կուրղինյանը, Միրզայան կոչվածը Պուտինի մեջ տեսան իրենց երազին, տաքացրեցին նրան ու ստացան մի փոքրիկ Ստալին։ Նրանք Ռուսաստանը տանում են դեպի «սև խոռոչ», ինչպես ասում է Դուգինը։ Համ ասում է «սև խոռոչ», համ Ռուսաստանն այնտեղ տանողներից մեկն ինքն է։ Սա փոքրիկ ստալինիզմի վերածնունդ է ռուսական նացիոնալիզմի սոուսով։ Շատ վտանգավոր իշխանություն է։ Պուտինի հաղթանակից հետո Ռուսաստանում ավտորիտարիզմի միտումներն ուժեղանալու են, և երկրի ներքին հակասությունների պայմաններում Ռուսաստանը կարող է գնալ ավանտյուրայի, և ամենալավ տեղը Արցախի հարցն է։ Այսինքն՝ արտաքին խնդիրներով շեղել ռուսներին։ Հենց այդ համատեքստում եմ տեսնում ՀԱՊԿ կոչվածի զինված ուժերի հրամանատարի հայտարարությունը, թե Հայաստանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ ՀԱՊԿ-ն իրեն կպաշտպանի, իսկ Արցախի հարցում միանշանակ է, որ ՀԱՊԿ-ը չի խառնվելու։ Այսինքն՝ սադրում են Ադրբեջանին դիմել ռազմական գործողությունների Արցախի հարցում։ Այսինքն՝ երեք ընկերներ կան, որոնցից երկուսն իրար ոխերիմ թշնամի են ու այն երրորդն ասում է՝ եթե այն թույլին ծեծես, սատկացնես, ես չեմ խառնվելու, իմ գործը չի։ Այդ համատեքստում Ադրբեջանը հսկայական զինտեխնիկա է հանել զորավարժությունների, և ես չեմ բացառում, որ ներխուժման փորձ կարող են անել։

Այսինքն՝ Ադրբեջանում մեկնարկած հնգօրյա զորավարժությունները վկայում են, որ Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի՞։

-Այո, և այնպես չէ, որ համաշխարհային հանրությունը կպաշտպանի մեզ, ապրիլյան պատերազմին ո՞ւր էր այդ համաշխարհային հանրությունը։ Արցախյան ճակատում պետք է լինել անզիջում, ցանկացած խախտման դեպքում, եթե նրանք կարգ են խախտում, պետք է խփել նրանց, որ հետո հերոսաբար մեր օդաչուներին իրենց տարածքից բերենք մեր հայրենիք։ Ոչ մի զիջում չպետք է լինի։ Ալիևի ելույթը քաղաքական, ռազմական դոկտրին է։

Պետք է լուրջ ընդունել նրա՝ Երևանը գրավելու հայտարարությո՞ւնը։

-Այո, քանի որ դա ներքին օգտագործման համար չէ, այլ վիլսոնյան սկզբունքի կիրառությունն է։ Վիլսոնն ասում էր՝ եթե պետություններն ուզում են հաղթել, իրենց ժողովուրդներին պարտավոր են պատրաստել պատերազմի։ Ալիևն իրենց ժողովրդին պատրաստում է պատերազմի։ Եվ այս ամենը հուշում է, որ մենք բավական բարդ իրավիճակում ենք հայտնվելու, բայց ոչ անելանելի, քանի որ Ռուսաստանի հետ չափավորության դեպքում մենք կարող ենք հարց լուծել և Քուռ-Արաքս շարժվենք, անպայման դուրս գանք գետի ափեր, որ ունենանք կայունություն։ Առաջին ելման կետը Եվլախն է, Եվլախին խփենք, Ադրբեջանի ողնաշարը կջարդվի։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Բացի այդ, Հայաստանը պետք է պրեւենտիվ պատերազմի  տեսակետ որդերգրի, պետք է հայտարարի, որ եթե սահմանային գոտում տանկային զորամասերը հինգ կմ մոտեցան առաջնագծին, մենք պետք է սկսենք խփել։

Մենք դրա միջազգային իրավունքն ունենք։Իսկ  Ռուսաստանում ավտոկրատիայի միտումներն ուժեղանալու են, որովհետև ամերիկյան քաղաքականության մեջ փոփոխություն կա, նրանք Ռուսաստանի հետ առճակատման չեն գնում, բայց նրա հանդեպ կիրառում են անակոնդայի ռազմավարական սկզբունքը։ Անակոնդան իբր քնում է, որսը գալիս սկսում է շրջել, ու հանկարծ անակոնդան բռնում է զոհին։ Սա այսօրվա ամերիկյան քաղաքականությունն է, և եթե կարողացան հաջողություն ունենալ, մեզ համար վիճակը կլավանա, որովհետև Ռուսաստանի ատամները կփշրվեն, և մենք նրա համար կդառնանք բարեկամ։ Երբ Ռուսաստանը թույլ ու մեռնող վիճակում է լինում, հայերի կարիքն է ունենում։ Հակառակ դեպքում նա Հայաստանը վաճառքի է հանում թուրքերի հետ առևտրում։ Մենք տեսնում ենք, որ հիմա Ռուսաստանը էլ այն չէ։ Խորհրդային 15 հանրապետությունները նրա հետ չեն։ Հսկա Ուկրաինան թշնամի է դարձել։

Ռուսաստանից մեծ քանակով արտագաղթ է տեղի ունեցել, մտավորականությունը հեռացել է, հիմա ինչո՞վ են թպրտում։ Խորհրդային Միության պոտենցիալը չունեն, բայց ավելի մեծ-մեծ են խոսում, քան Գորբաչովն էր խոսում։Մեր խնդիրն է ճիշտ տեսնել ու հասկանալ զարգացումների տրամաբանությունը։ Մենք պետք է հստակ հայտարարենք, որ ով Հայաստանի շահերի դեմ նույնիսկ ելույթ է ունենում՝ Կուրղինյաններ, Շահնազարովներ և այլն, պետք է հայտարարել նրանց անցանկալի անձ Հայաստանում, հակառակ դեպքում դրանք կտապալեն Հայաստանը։ Ես վստահ եմ, որ Կրեմլը դրանց օգտագործելու է, ինչպես հայ բոլշևիկ տականքին պետության դեմ օգտագործեց։

Be the first to comment on "Առաջին ելման կետին խփենք, Ադրբեջանի ողնաշարը կջարդվի. Պետք է պատրաստ լինել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ