«Չեմ կարծում, թե ռաբիս է». Նարե Գեւորգյանը՝ իր նոր երգի տեսահոլովակի մասին

 

Երկար դադարից հետո երգչուհի Նարե Գեւորգյանը ներկայացել է նոր տեսահոլովակով՝ նկարահանված «Իմ յարը» երգի հիման վրա: Այն իր ոճով էապես տարբերվում է Նարեի նախորդ կատարումներից ու չնայած դրան՝ մեկ շաբաթվա ընթացքում հասցրել է դիտվել ավելի քան 729 հազար անգամ: BRAVO.am-ը երգչուհու հետ զրուցել է նոր հոլովակի, դրան ուղղված քննադատությունների, ինչպես նաեւ առաջիկայում սպասվող նոր զուգերգի մասին:

Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է, ով, ինչպես Նարեն նշեց, շուտով նույնպես կներկայանա իր նոր հոլովակով.««Իմ յարը» երգը նա հատուկ գրել էր ինձ համար, այդ իսկ պատճառով որոշեցի չմերժել առաջարկն ու միանգամից ընդունեցի, ինչո՞ւ ոչ: Իմ երգացանկում ունեցա պայծառ, գունավոր ու գարնանային երգ՝ աղջկա զրույցը մոր հետ: Հոլովակում տեսարանները հիմնականում տաղավարային են, ամպագոռգոռ սցենարներ չենք ընտրել: Իսկ որպես սյուժե չենք ներկայացրել հենց աղջկա զրույցը մոր հետ, կարծում եմ`այդպես շատ պարզունակ կլիներ:)»,-ասաց Նարեն:

«Իմ յարը» տեսահոլովակի նկարահանումներին

Հայրենասիրական երգերից հետո երգչուհին մտավախություն է ունեցել, որ նոր կատարումը չի ընդունվի իր լսարանի կողմից, բայց ռուսաստանյան շրջագայությունները ցույց են տվել, որ երգը մինչ հոլովակի թողարկվելն էլ հասցրել է սիրվել շատերի կողմից.«Այն կատարում էի տարբեր հարթակներում, եւ երբ տեսանք՝ որքան բուռն արձագանք կա, հասկացանք՝ շատերն են հավանել: Ըստ այդմ էլ՝ որոշեցինք երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել՝ հույս ունենալով, որ այն գարնանային հիթ կդառնա»:

Նարեն շտապեց հանգստացնել իր երկրպագուներին ու այն մարդկանց, ովքեր սրտացավորեն են վերաբերվում իր կատարումներին. կարծիքներ կան, թե երգը ռաբիս է, եւ ինքը գուցե շարունակի ավելի հաճախ հանդես գալ այդ ժանրում.«Նախ՝ չեմ կարծում, թե ռաբիս է: Գուցե ինչ-որ մասնիկներ կան բուլղարական երաժշտությունից, ինչը վատ չեմ համարում, ինչո՞ւ ոչ: Բայց ասեմ, որ չեմ պատրաստվում հենց այս ոճում հետագայում հանդես գալ: Միեւնույն է, իմ սրտին ավելի մոտ կմնան ազգագրական-հայրենասիրական երգերը, քանի որ ես ինձ դրանցում ավելի լավ եմ գտնում: Սա ուղղակի այն մարդկանց համար էր, ովքեր ասում են՝ «Ջահել աղջիկ ես, հերիք է երգացանկդ ողողես ծանր հայրենասիրական երգերով»: Որոշեցի հատուկ այդ լսարանի համար ունենալ նման թեթեւ երգ, որ լսեն ու էլ այդպես չասեն (ժպտում է,- հեղ.)»:

Նարե Գեւորգյանը

Առաջիկայում երգչուհին պատրաստվում է ներկայանալ հայրենասիրական երգերով, որոնք արդեն ձայնագրված են եւ սպասում են թողարկման իրենց հերթին: Հնարավոր է` դրանցից մեկի`«Զենքի ուժով» երգի հիման վրա նույնպես նկարահանվի հոլովակ: Իսկ մի քանի օր անց տեղի կունենա Նարե Գեւորգյանի եւ Արաբո Իսպիրյանի նոր զուգերգի հոլովակի պրեմիերան` նկարահանված «Հայրենիք» երգի հիման վրա. «Երգի հեղինակը Նարեկ Ստամբոլցյանն է, տեսահոլովակը նկարահանել է Վահրամ Հարությունյանը: Կարող եմ վստահորեն ասել, որ այդ հոլովակը շատերին դուր կգա, քանի որ իսկապես  մեծ աշխատանք է տարվել: Նույնիսկ փոքրիկ պատերազմական հատվածներ կան, որոնք շատ բարդ էր նկարահանելը: Այդ կատարումն արդեն կլինի ներկայանալի: Ես չեմ համարում, որ «Իմ յարը» երգի հոլովակով ինչ-որ շատ կարեւոր գործ եմ կատարել: Ո՛չ, այն ընդամենը կմնա իմ յութուբյան ալիքի մի անկյունում` որպես թեթեւ, ուրախ, աշխույժ երգ, իսկ ես կշարունակեմ հանդես գալ ինձ հարազատ ոճում»,- եզրափակեց նա:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարե Գևորգյանը

Be the first to comment on "«Չեմ կարծում, թե ռաբիս է». Նարե Գեւորգյանը՝ իր նոր երգի տեսահոլովակի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ