ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ինչպես գրել է Թրամփը իր թվիթերյան միկրոբլոգում, նշանակվելու է Կենտրոնական հետախուզական վարչության նախագահ Մայք Պոմպեոն:

ԱՄՆ նախագահի այդ քայլը անսպասելի է թերեւս ամբողջ աշխարհի համար, իսկ շատերի համար գուցե նույնիսկ անակնկալ, թեկուզ անուղղակի, ինչպես օրինակ Արցախի նախագահ Բակո Սահակյանի: Ու բանն այն չէ, որ ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկը փաստացի հայտնվում է մի մարդու ձեռքին, որը Բակո Սահակյանի հետ դե ֆակտո «մասնագիտական» միեւնույն «արտադրամասից» է՝ հատուկ ծառայության ղեկավարությունից: Բակո Սահակյանն էլ Արցախի ԱԱԾ ղեկավարի կարգավիճակից է ստանձնել Արցախի ղեկը:Թրամփի քայլը Արցախի նախագահի համար յուրօրինակ անակնկալ է, հաշվի առնելով այն, որ Բակո Սահակյանն աշխատանքային այցով նախօրեին է ժամանել Վաշինգտոն:

Նա այցի շրջանակում հանդիպումներ կունենա ԱՄՆ Կոնգրեսում: Իհարկե խոսքը Կոնգրեսի ղեկավարության մասին չէ, բայց բոլոր դեպքերում հատկանշական է Արցախի նախագահի աշխատանքային շփումը ԱՄՆ Կոնգրեսում: Ընդ որում, հատկանշական գուցե այնքան, որ Ադրբեջանը հարկ է համարել այդ կապակցությամբ դժգոհել Բաքվում ԱՄՆ դեսպանին:Ի դեպ, այդ իմաստով էլ իրավիճակը հետաքրքիր է, քանի որ Ադրբեջանի դժգոհությունը Թրամփը փաստորեն անուղղակի եւ ակամա, բայց «ճանապարհեց» Թիլերսոնի հետ, իսկ Բակո Սահակյանը Վաշինգտոնում է եւ պատրաստվում է Կոնգրեսում հանդիպումների:

Թրամփի նշանակումը իսկապես ուշագրավ է: Խոշոր բիզնեսից՝ Էքսոն մոբիլ նավթային ընկերությունից եկած պետքարտուղարին փոխարինում է ԿՀՎ նախագահ Պոմպեոն, որը համարվում է Հանրապետական կուսակցության պահպանողական կոշտ թեւի ներկայացուցիչ կամ այսպես ասած «բազե»:Ի՞նչ է դա նշանակում, անշուշտ դժվար է ասել, բայց ամենայն հավանականությամբ խոսքը ԱՄՆ առավել աշխույժ, նախաձեռնող, առավել կոշտ արտաքին քաղաքականության մասին է:

Այլ հարց է, թե որ տարածաշրջանում, որ պետության հանդեպ ինչպիսին կլինի դրա դրսեւորումը, այդ թվում նաեւ Հայաստանի մասով, արցախյան խնդրի եւ ընդհանրապես Կովկասի մասով: Այստեղ հասկանալի է նաեւ, որ այդ հարցում էական ազդեցություն կունենա ՌԴ հանդեպ քաղաքականությունը: Ընդհանրապես, ուղղությունները, որոնցով ամերիկյան քաղաքականությանը Հայաստանը պետք է հետեւի աչալրջորեն, բազմաթիվ են եւ բազմազան՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Մերձավոր Արեւելք, գուցե նույնիսկ Եվրոպա՝ ՆԱՏՕ:

Վերջին մի քանի շաբաթներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը Հայաստանի թե օրենսդիր, թե գործադիր իշխանությանը ներկայացնում էր ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, ասելով, որ ԱՄՆ դրանում վերահաստատում է Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգությանը աջակցելու իր պատրաստակամությունն ու ջանքը:Այդ իմաստով գուցե նույնիսկ խորհրդանշական է, որ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում տեղի ունեցող փոփոխությունը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ օրինակ Վաշինգտոնում է Արցախի չճանաչված հանրապետության նախագահը եւ հանդիպումներ է ունենում Կոնգրեսում:

Իհարկե, այստեղ չկա վարչակազմի ուղղակի հետք, իսկ Կոնգրեսը միանգամայն ազատ եւ ապակենտրոնացված միջավայր է: Մյուս կողմից, սակայն, էականն այն չէ, թե ինչ մակարդակով է շփումը, այլ այն, որ ավելի բարձր մակարդակով չի լինում այդօրինակ շփման խոչընդոտ: Որովհետեւ, ի վերջո, անհրաժեշտության դեպքում կասկած չկա, որ ԱՄՆ իշխանության ավելի բարձր օղակներ կգտնեին Արցախի նախագահի այդօրինակ շփում թույլ չտալու տարբերակներ:

Միեւնույն ժամանակ, ներկայում բավական բարձր է Կոնգրեսի հանրապետական մեծամասնության դերակատարումը եւ Թրամփի պաշտոնամուտին ընդառաջ հենց այդ մեծամասնությունը մի շարք օրենսդրական նախաձեռնություններով գծեց նրա նախագահության ընդհանուր սահմանները, շեղում թույլ չտալու համար:

Այդ համատեքստում, հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ ու վերանայումներ կարող են լինել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում, որի անհրաժեշտության մասին հունվարին ԱԳՆ կատարած այցի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը: Արդյոք դրանում ուղղակի կամ անուղղակի նախատեսվում է Արցախի սուբյեկտության ներգրավվածության աճ:

Be the first to comment on ""

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ