ԲԴԽ անդամները մեծ ունեցվածքի տեր են

 

Դատավորների տարեկան ժողովում այս տարվա մարտի1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմի 5 դատավորներ ընտրվեցին: Հինգ տարի ժամկետով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ էին ընտրվել Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը և Սերգեյ Չիչոյանը: Երեք տարի ժամկետով ընտրվել են խորհրդի երկու անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Ռուզաննա Հակոբյանը: Նրանք աշխատում են տարբեր դատարաններում, և, ինչպես պարզ է դառնում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերից, այս դատավորների մեծ մասն իրենց աշխատավարձերի համեմատ մեծ ունեցվածք են կուտակել:Նրանցից միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրել 2017 թվականի գույքի և եկամուտների  հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նախորդ տարեվերջին պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 6 մլն դրամ, 39 հազար դոլար և 18 հազար եվրո: Արմեն Խաչատրյանի տարեկան աշխատավարձը կազմել է 7 մլն 685 հազար դրամ:Հետաքրքիր է, որ 2016 թվականին ևս պաշտոնյան նույնքան դրամական միջոցներ էր հայտարարագրել՝ 6 մլն դրամ, 38 հազար դոլար և 18 հազար եվրո: Այսինքն՝ նա մեկ տարի գրեթե աշխատավարձով է ապրել: 2015 թվականի հայտարարագրում էլ Արմեն Խաչատրյանը ներկայացրել էր, որ 6 մլն 500 հազար դրամով LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա էր ձեռք բերել:

Մյուս դատավորները դեռևս չեն ներկայացրել 2017 թվականի հայտարարագրերը, քանի որ նոր օրենսդրությամբ դրանց ներկայացման վերջնաժամկետ է սահմանված մարտի վերջը: Բայց 2016-ի հայտարարագրերը պակաս տպավորիչ չեն: Այս դատավորներից միան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն է «չոր» աշխատավարձ հայտարարագրել՝ 7 մլն 113 հազար 524 դրամ:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը 2016 թվականի հայտարարագրում 28 մլն 800 հազար դրամ, 77 հազար դոլար դրամական միջոց է ներկայացրել: Դա այն դեպքում, երբ դատավորի տարեկան աշխատավարձը 8 մլն 807 հազար դրամ է կազմել:ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանի դրամական միջոցները 2016 թվականի վերջին կազմել են 2 մլն 400 հազար դրամ: Նա տարեկան ստացել է 10 մլն 534 հազար դրամ աշխատավարձ, հայտարարագրել է նաև այլ եկամուտներ՝ 1 մլն 700 հազար դրամ: 2015 թվականի հայտարարագրում էլ դատավոր Չիչոյանը ներկայացրել էր, որ 2014-ին առանձնատուն էր գնել՝ 120 մլն դրամ արժողությամբ:

Նույն  տարում դատավորը 19 մլն դրամ գումար է հայտարարագրել՝ որպես նվիրատվություն ստացած դրամական միջոց:Դրան նախորդած տարում՝ 2014 թվականին Սերգեյ Չիչոյանը 2 մլն 500 հազար դրամի այլ եկամուտ էր հայտարարագրել,  ինչպես նաև 25 հազար դրամի բնամթերք էր ստացել:Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանը և նրա ամուսինը նվիարատվություններ ստանալու հակում ունեն:2016-ի հայատարարագրում դատավորը 29 մլն 612 հազար դրամ եկամուտ է հայտարարագրել: Դրանից միայն 9 մլն 416 հազար դրամն է կազմել աշխատավարձը: Մնացածը այլ եկամուտներն ու փոխառություններն են եղել: Ռուզաննա Հակոբյանի դրամական միջոցները 2016 թվականի հայտարարագրում կազմել են 3500 դոլար և 6 մլն դրամ: 2015 թվականի հայտարարագրում դատավորը որպես նվիրատվություն՝ հողամաս է հայտարարագրել՝  2 մլն 769 հազար դրամ արժողությամբ:Ռուզաննա Հակոբյանի ամուսինը՝ Անդրանիկ Հակոբյանը 2015 թվականի հայտարարագրում 800 դոլար նվիրատվություն է հայտարարագրել: 2014 թվականի հայտարարագրում նա երկու նվիրատվություն է ներառել՝ 5800 դոլար և 11 500 դոլար արժողությամբ, 2013-ի հայտարարագրում՝ 9 200.00 դոլար, 2012-ի հայտարարագրում՝ 2000 դոլար, 2011-ին էլ միանգամից երեք նվիրատվություն՝ 2000, 1800 և 4300 դոլար արժողությամբ:Բարձրագույն դատական խորհուրդը 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այն ունի 10 անդամ: Այս խորհրդի մյուս հինգ անդամներին՝ Գագիկ Հարությունյանին, Գևորգ Դանիելյանին, Լիպարիտ Մելիքջանյանին, Հայկ Հովաննիսյանին և Սերգեյ Մեղրյանին ընտրել էին Ազգային ժողովի պատգամավորները՝ փետրվարի 28-ի փակ գաղտնի քվեարկութամբ:

Այս տարվա ապրիլից լիարժեք ուժի մեջ մտնող նոր Սահմանադրությամբ՝ իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությամբ: Դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի:Դատավորի լիազորությունները, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվում են անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում:

 

Be the first to comment on "ԲԴԽ անդամները մեծ ունեցվածքի տեր են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ