Պատգամավորները փողերը չեն քնեցնում. ով որքան փող ու փոխառություն ունի

 

«Մանդատ» հ/կ-ն 2 օր առաջ ներկայացրեց 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին 2 նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ի թիվս պատգամավորների ակտիվության, ելույթների ու հարցերի քանակի, բացակաների վիճակագրության՝ զեկույցում ներկայացված են նաև ԱԺ պատգամավորների գույքի և եկամուտների հայտարարագրերի մասին տվյալները։ Ու քանի որ թեման շատերին է հետաքրքիր, որոշեցինք համառոտ անդրադառնալ այս թվերին՝ պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների և փոխառությունների տեսանկյունից։

Նշենք, որ նոր խորհրդարանի պատգամավորները տարեկան հայտարարագրեր դեռ չեն լրացրել։ Նրանք լրացրել են պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրեր, որտեղ ներկայացված են դրամական միջոցների չափը՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ստացած եկամուտները (տարվա սկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրը), հայտարարագրված արժեթղթերը, հանձնած փոխառությունները, շարժական և անշարժ գույքը։

2017թ. մայիսի 18-ի դրությամբ ԱԺ պատգամավորները միասին հայտարարագրել են՝ 7 մլրդ 431.1 մլն դրամ, 35 մլն 937.7 հազար դոլար,10.5 մլն ռուբլի, 7 հազար շվեյցարական ֆրանկ։ Այս ամբողջը դրամային արտահայտությամբ կազմում է 29.4 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ՝ 60.9 մլն դոլար։
Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորների ընդհանուր դրամական միջոցները 2015 թվականի վերջին 90 մլն դոլարի չափ էին։

Ինչո՞վ է պայմանավորված ԱԺ պատգամավորների դրամական միջոցների նվազումը։ Պատճառները տարբեր են։ Նախ, պետք է նկատի ունենալ, որ նախկին 131-ի փոխարեն՝ Ազգային ժողովն այսօր ունի 101 պատգամավոր։ Բացի այդ, այս անգամ խորհրդարանում չեն դոլարային միլիոնատերեր Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր), Գրիգորի Մարգարյանը և Գուրգեն Արսենյանը։ Սակայն նրանց փոխարեն՝ ավելացել են նոր անուններ՝ օրինակ, Վահան Հարությունյանը («Միկմետալ» ընկերության բաժնետեր), Վրեժ Մարկոսյանը։
Սակայն դրամական միջոցների նվազման պատճառը միայն դա չէ։

Մինչև առաջ անցնելը տեղեկացնենք, որ ԱԺ պատգամավորների դրամական միջոցները շատ ավելի մեծ չափով նվազել էին 2015 թվականի ընթացքում՝ 195 մլն դոլարից հասնելով 90 մլն դոլարի։ 2016 թվականի համար ճշգրիտ հաշվարկը չկա, սակայն նվազման միտումը պահպանվել էր։ Այսինքն, պատգամավորների թվի ու կոնկրետ անձանց փոփոխություններն այստեղ դեր չեն խաղացել։

«Գաղտնիքը» թաքնված է հայտարարագրերում հրապարակված մեկ այլ ցուցանիշի մեջ, որը կոչվում է «հանձնված» փոխառություններ։ Սրանք այն գումարներն են, որոնք պաշտոնատար անձինք պարտքով տվել են այլ անձանց կամ ընկերությունների, կամ բանկում ավանդ դրել։ Բանն այն է, որ դրամական միջոցների նվազմանը զուգահեռ՝ ավելացել են փոխառությունները։ Այսինքն՝ ԱԺ պատգամավորները որոշել են իրենց գումարները «չքնեցնել», այլ դրանց դիմաց եկամուտ ստանալ։
ԱԺ պատգամավորների կողմից հանձնված փոխառությունների ընդհանուր ծավալը 2017 թվականի մայիսին կազմել է դրամային արտահայտությամբ՝ 112.6 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ՝ 232 մլն դոլար։

Անդրադառնանք նաև ամենահարուստ (ամենից շատ դրամական միջոցներ) հայտարարագրած պատգամավորներին։

Ըստ հայտարարագրած դրամական միջոցների՝ վեցերորդ գումարման ԱԺ-ում կա 11 դոլարային միլիոնատեր։ Նրանցից 6-ը ՀՀԿ-ից են, 5-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից: Իսկ եթե ունեցվածքի չափը գնահատելիս հաշվի առնենք ոչ միայն դրամական միջոցները, այլ նաև փոխառությունները, ապա դոլարային միլիոնատերերի թիվը կլինի ոչ թե՝ 11, այլ՝ 12. ցանկին կավելանա նաև Մելիք Մանուկյանը։ Հինգերորդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատերերի թիվը 16 էր։

Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած պատգամավորը, ինչպես և նախորդ գումարման խորհրդարանում, Գագիկ Ծառուկյանն է՝ 9 մլրդ 90 մլն դրամ կամ 18.8 մլն դոլար։ Երկրորդը ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն է (4 մլրդ 249.8 մլն դրամ կամ 8.8 մլն դոլար), երրորդը՝ Աշոտ Արսենյանը (3 մլրդ 679.4 մլն դրամ կամ 7.6 մլն դոլար)։ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը 4-րդն է՝ 2 մլրդ 360 մլն դրամ կամ 4 մլն 883 հազար դոլար։ Առաջին հնգյակը եզրափակում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ 1 մլրդ 298 մլն դրամ կամ 2 մլն 685.4 հազար դոլար։

Հայտարարագիր լրացրած 101 պատգամավորից 26-ը հայտարարագրել է զրոյական դրամական միջոց։ Իսկ զեկույցը կազմելու պահին հայտարարագրերը չէին լրացրել 4 պատգամավորներ։

Ըստ խմբակցությունների՝ պատկերն այսպիսին է. ԱԺ 101 պատգամավորների հայտարարագրած ընդհանուր դրամական միջոցների 99.5%-ը բաժին է ընկնում «Հանրապետական» և «Ծառուկյան» խմբակցություններին: ՀՀԿ-ի դրամական միջոցները ավելի շատ են, քան «Ծառուկյան» դաշինքինը՝ 15.4 մլրդ դրամ՝ 13.9 մլրդ դրամի դիմաց։ ՀՅԴ խմբակցության դրամական միջոցները 189.4 մլն դրամ է, «Ելք»-ինը՝ 35.4 մլն դրամ։ Սակայն մեկ պատգամավորի հաշվարկով դրամական միջոցներով պատկերը այլ է։

«Ծառուկյան» խմբակցության՝ հայտարարագիր լրացրած 31 պատգամավորից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 449.3 մլն դրամ, մինչդեռ ՀՀԿ 54 պատգամավորից յուրաքանչյուրը միջինն ունի 285.3 մլն դրամ։ ՀՅԴ խմբակցության 7 պատգամավորից յուրաքանչյուրին բաժին է ընկնում միջինը 27մլն դրամ, «Ելք» դաշինքի 9 պատգամավորից յուրաքանչյուրին՝ 3.9 մլն դրամ։

Ավելացնենք նաև, որ ԱԺ պատգամավորների ամեննանախընտրելի արժույթը շարունակում է մնալ դոլարը։ 101 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 59%-ը ԱՄՆ դոլարով է, 25.2%-ը՝ ՀՀ դրամով, 15.5%-ը՝ եվրոյով, 0.3%-ը՝ ՌԴ ռուբլով։ Դատելով հայտարարագրերից՝ ազգային արժույթին ամենաշատը վստահում է Արայիկ Գրիգորյանը։ Նա իր դրամական միջոցների մեծ մասը պահում է ՀՀ դրամով։
Ի տարբերություն դրամական միջոցների՝ հանձնված փոխառությունների դեպքում դոլարայնացման մակարդակն ավելի ցածր է։ ՀՀ դրամով հանձնված փոխառություններն ընդհանուրի 46,4%-նեն, դոլարով փոխառությունները՝ 40,2%, եվրոյով փոխառությունները՝ 13,4%։

Վերջում մի կարևոր հանգամանք նշենք։ Այս տվյալները, ինչպես նշեցինք, հիմնված են պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրերի հիման վրա։ Պաշտոնյաների դրամական միջոցների, գույքի և եկամուտների մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է սպասել, մինչև նրանք կհրապարակեն տարեկան հայտարարագրերը, որովհետև տարեկան հայտարարագիր լրացնում են նաև պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձինք (կին, ամուսին, ծնող և այլն)։

Իսկ փոխկապակցված անձանց տվյալների ներառումը կարող է լրջորեն փոխել պատկերը։ Օրինակ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը ինչպես 2015 թվականին, այնպես էլ այժմ, հայտարարագրել է զրոյական դրամական միջոցներ։ Մինչդեռ նրա կինը հայտարարագրել էր 100 մլն դրամից ավելի գումար։ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեպքում էլ կնոջ հայտարարագրած դրամական միջոցներն ավելի մեծ են, քան իրենը։

Be the first to comment on "Պատգամավորները փողերը չեն քնեցնում. ով որքան փող ու փոխառություն ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ