4:0 հաշվի մոգական ազդեցությունը սուպերերջանիկ Հենրիխ Մխիթարյանի վրա

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական 4:0 հաշվով հաղթանակը տարավ: Հիշեցնենք, որ 1-ին տուրում «Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել էր «Վեսթ Հեմին», իսկ երկրորդ տուրում հյուրընկալվելիս նույն հաշվով՝ «Սուոնսիին»: Այս պահին Ժոզե Մոուրինյոյի թիմը 13 միավորով «Մանչեսթեր Սիթիի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Տպավորիչ հանդիպում էր: Խաղն արդեն ավարտված համարեցի Մխիթարյանի գոլից հետո: 3-րդ և 4-րդ գոլերը խաղի կոնտեքստից դուրս էին: Ամեն դեպքում, կարծում եմ, լավ խաղացինք: Հրաշալի խաղ ցուցադրեցինք հանդիպման առաջին խաղակեսի 30-35 րոպեներին: «Էվերթոն»-ի դեմ խաղն այս մրցաշրջանում լավագույնն էր մեզ համար: Մենք ճնշեցինք մրցակցին և նրան զրկեցինք գրոհ կազմակերպելու և հարված կատարելու հնարավորությունից: Սակայն «Էվերթոն»-ի կազմում շուտով հայտնվեցին լավ խաղացողները և վարպետություն ցուցադրեցին: Նրանք խնդիրներ էին ստեղծում մեզ համար, սակայն ես պահեստայինների նստարանին խաղն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ տեսա: Մենք հարձակման գծում խաղացինք երեք ֆուտբոլիստներով՝ հավելյալ Մխիթարյանը: Գոհ եմ արդյունքից, չնայած որ կարծում եմ՝ 4:0-ն շատ էր «Էվերթոնի» համար: Մրցակցի խաղացողները մեծ ջանքեր գործադրեցին և արժանի չէին խոշոր հաշվով պարտության»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Այս մրցավեճում կրկին տպավորիչ խաղ ցուցադրեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ առաջին գոլը խփելով ընթացիկ առաջնությունում: Ուշագրավ մի երևույթ. Անգլիայի մեկնարկած առաջնությունում Հայաստանի հավաքականի ավագը հատկապես հաջող է ցուցադրել գրանցված 4:0 հաշվով մրցավեճերում: Առաջին և երկրորդ դեպքերում Մխիթարյանը դարձել էր երկուական գոլային փոխանցումների հեղինակ, իսկ 4:0 հաշվով երրորդ հանդիպումը մեր ֆուտբոլիստի համար նշանավորվեց խփած գնդակով: Կարելի է ասել, որ 4:0 հաշիվը մոգական ազդեցություն ունի Մխիթարյանի վրա: Էլ ավելի ուշագրավ կլինի, եթե հաջորդ 4:0 հաշվի դեպքում Մխիթարյանը դառնա երկու գոլի հեղինակ:

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Մխիթարյանին դեռևս չի հաջողվել դուբլ ձևակերպել: Անգլիայի ընթացիկ առաջնությունում գոլ և փոխանցում սխեմայով Մխիթարյանն արդեն հավաքել է 6 միավոր: Մեր ֆուտբոլիստը դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը գերազանցել է Անգլիայի նախորդ առաջնությունում իր ցուցանիշը: Պրեմիեր լիգայի 2016/2017թթ. մրցաշրջանում նա 24 խաղում խփել էր 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

 

«Սուպերերջանիկ եմ այս հաղթանակի և Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում առաջին գոլիս առթիվ»,- գրել է Մխիթարյանը «Էվերթոնի» հետ հանդիպումից հետո: Անդրադառնալով հանդիպման ընթացքին՝ մեր ֆուտբոլիստը նշել է. «Շատ էինք ցանկանում հաղթել և նույնիսկ չէինք մտածում ոչ-ոքի արդյունքի մասին: Խաղից առաջ ենթադրում էինք, որ «Էվերթոնը» պրեսինգի կդիմի, և գիտեինք ինչպես պայքարել նման մարտավարության դեմ, գտնել ազատ տարածությունները գրոհները արդյունավետ զարգացնելու համար: Այդ պատճառով էլ սպասում էինք մեր հնարավորությանը, և կարող եմ ասել, որ վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Մեր առաջին գոլը հրաշալի էր: Վալենսիան ցույց տվեց կատարողական բարձր վարպետություն: Դրա շնորհիվ հանդիպման սկզբնամասում մենք ավելի շատ վստահություն և հանգստություն ստացանք: Հաշիվը կարևոր չէ, կարևոր է հաղթանակը: Կարևոր է, որ թիմը վաստակեց 3 միավոր և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերին հատվածում»:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ռոմելու Լուկակուն, ով շարունակում է աչքի ընկնել արդյունավետ խաղով: Այս մրցավեճում Բելգիայի ազգային հավաքականի հարձակվողը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ: 5 խաղում խփելով նույնքան գնդակ՝ Լուկակուն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը:

Սեպտեմբերի 20-ին Անգլիայի լիգայի գավաթի շրջանակներում «Յունայթեդը» կհյուրընկալի «Բարթոնին», իսկ սեպտեմբերի 23-ին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Be the first to comment on "4:0 հաշվի մոգական ազդեցությունը սուպերերջանիկ Հենրիխ Մխիթարյանի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ