Քրիստինա Կարապետյան.«Խորհուրդ եմ տալիս բոլորին ամուսնանալ:)»

 

Անցած 2017 թվականը Քրիստինա Կարապետյանի համար առանձնահատուկ տարի էր: Բացի այն, որ աշնանը նա ամուսնացավ ռեժիսոր Կարո Նաղդալյանի հետ, ամիսներ առաջ էլ վերադարձավ եթեր՝ որպես հաղորդավարուհի: «Ար»-ի եթերում դերասանուհին վարում է «ԱյԼուր» հաղորդաշարը, որը պատմում է համաշխարհային անցուդարձի եւ ինտելեկտուալ լուրերի մասին: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր աշխատանքի եւ ընտանեկան նոր կարգավիճակի մասին:

Դերասանուհու խոսքով՝ հաղորդման քասթինգին մասնակցելու առաջարկ է ստացել, եւ արդյունքում հենց ինքն է ընտրվել: Խոստովանում է` սկզբում դժվարություններ կային, քանի որ իր համար աշխատանքային նոր ոլորտ է, բայց այժմ ավելի հանգիստ ու անկաշկանդ է աշխատում եթերում.«Շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն տրվեց վարել հաղորդումը: Սկզբում փորձում էի ընտելանալ, ինձ ավելի լավ դրսեւորել նոր աշխատանքում, եւ հիմա զգում եմ, որ ավելի լավ է ստացվում, աճ կա: Ճիշտն ասած` չեմ սիրում ինքս գնահատական տալ իմ աշխատանքին, բայց երբ նայում եմ հաղորդումը, հավանում եմ: Եթե ես չհավանեի, այդ գործով հաստատ չէի զբաղվի, քանի որ իմ ամենախիստ քննադատը հենց ինքս եմ»:

Կարո Նաղդալյանը եւ Քրիստինա Կարապետյանը

Սերիալներում խաղալու առաջարկներ, ինչպես նշել է, նույնպես ստանում է, սակայն այս պահին չի ցանկանում ներգրավվել երկար նկարահանվող նախագծերում: Ավելի մեծ է ցանկությունը հաղորդավարական ոլորտում գործունեություն ծավալելու, քանի որ նոր աշխատանքը շատ է հավանում: Մեր դիտարկմանը, թե հեռուստադիտողին կարող է թվալ` ամուսինը դեմ է սերիալներում նկարահանվելուն, դերասանուհին ընդգծեց` նման բան չկա.«Իհարկե, մենք միշտ իմ առաջարկները քննարկում ենք, բայց նման արգելքներ, սահմանափակումներ չկան: Ամուսինս առհասարակ միշտ աջակցում է ինձ ու միշտ կողքիս կանգնած է այդ հարցերում, եւ ընդհանրապես»:

Ինչ վերաբերում է ընտանեկան նոր կարգավիճակին, Քրիստինան անկեղծացավ՝ ամուսնությունից հետո առանձնապես մեծ փոփոխություն չի եղել իր առօրյայում, բայց իրեն շատ ավելի հանգիստ, երջանիկ եւ սիրված է զգում.«Ոչ մի արտառոց բան չկա, խորհուրդ եմ տալիս բոլորին ամուսնանալ, որովհետեւ շատ լավ է ամուսնացած լինելը (ժպտում է,- հեղ.): Կան, չէ՞, կարծրատիպեր, թե աղջիկներն առհասարակ վախենում են ամուսնությունից, ասում են` դժվարությունները շատ են եւ այլն, բայց դա արդեն մտածողության հարց է: Ինձ որ հարցնեն, ես, օրինակ, հաստատ խորհուրդ կտամ ամուսնանալ, որովհետեւ ամեն ինչ շատ պարզ է, շատ լավ է»:

Քրիստինա Կարապետյանը

Տոները դերասանուհին անցկացրել է հարազատների միջավայրում: Համարում է, որ Նոր տարին ընտանեկան տոն է, ու քանի որ այժմ նորաստեղծ ընտանիք ունի, նախընտրել է դիմավորել տանը՝ ընտանիքի հետ:

Դեկտեմբերի 24-ին էլ Քրիստինան նշում էր 27-ամյակը: Ասաց՝ առաջինն ընտանիքի անդամներն են շնորհավորել իրեն, նվերներն էլ հիմնականում գումարի տեսքով են եղել.«Սկեսրայրս, ով քաղաքում չէր, այդ օրը հատուկ եկել էր ինձ շնորհավորելու: Գիշերը մեր դռան մոտ հրավառություն էր կազմակերպել` տորթով, ծաղիկներով… Շատ սիրուն ու հաճելի շնորհավորանք էր, իսկ հետո, երբ եկա տուն, մտա հյուրասենյակ, մի հատ էլ այնտեղ էր տորթ դրված: Այդպես շատ ջերմ մթնոլորտում եւ ուրախ տրամադրությամբ դիմավորեցի ծննդյանս օրը»:

Նրա խոսքով` սպասում է, որ նոր տարում էլ հետաքրքիր նախագծերով կներկայանա, քանի որ առաջարկներ կան: Բայց այդ մասին չի սիրում նախապես խոսել.«Ճիշտն ասած` ես շատ մեծ ցանկություն ունեմ կատակերգական կերպարով ներկայանալ, եւ հուսով եմ` մի օր կստացվի»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ Քրիստինա Կարապետյանի արխիվից

Be the first to comment on "Քրիստինա Կարապետյան.«Խորհուրդ եմ տալիս բոլորին ամուսնանալ:)»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ