Ռուսաստանն այլևս վստահելի չի համարում Էրդողանին. թուրք սյունակագիր

 

Թուրքական «Այդընլըք» պարբերականի սյունակագիրներից Ռըզա Զեյլութը ռուս-թուրքական հարաբերությունների մասին նոր ուշագրավ հոդված է ներկայացրել, որում հատկապես անդրադարձել է Սիրիայում երկու երկրների զինված ուժերի գործողություններին:

«Ռուս-թուրքական կոնֆլիկտի նոր մակարդակ» վերնագրով հոդվածում թուրք սյունակագիրը նշել է, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, այլևս վստահելի չի համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Հեղինակը համոզված է, որ Թուրքիայի կողմից որպես «չափավոր ընդդիմադիրներ» բնութագրվող ուժերը, որոնք իրականում ներկայացնում են «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, կշարունակեն մնալ սիրիական բանակի ու նրա դաշնակից Ռուսաստանի թիրախում, և հենց այստեղ էլ բախվում են Թուրքիայի և ՌԴ-ի շահերը:

Ըստ սյունակագրի՝ ԱՄՆ-ն, Իսրայելը և Թուրքիան գաղտնի համագործակցում են սիրիական հիմնախնդրի շուրջ։ Այս հարցում Թուրքիային առաջնորդողը նաև կոռուպցիոն խոշոր սկանդալն է, որի գործով դատավարություններ են ընթանում ԱՄՆ-ում և որտեղ դատարանի առաջ կանգնած իրանական ծագմամբ Թուրքիայի քաղաքացի հայտնի գործարարի վկայություններում շեշտվել է Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարարի ու անգամ նախագահ Էրդողանի անունը:

«Այսինքն՝ Էրդողանը ստիպված աստիճանաբար ամերիկամետ է դառնում», — գրում է Զեյլութը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի հյուսիսում ստեղծված լարված իրավիճակի հետ: Դեսպաններ Ալեքսեյ Երխովի և Մուհամեդ Իբրահիմ Թահերիան Ֆարդի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբում անվտանգության ռեժիմը խախտելու համար:

Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներից Իդլիբում Թուրքիան ունի երեք ռազմական դիտորդական կետ, որոնք շարունակում են իրենց գործունեությունը:

Այս շաբաթ Իդլիբ նահանգի Դարաթ ալ Իզզա շրջանում ականանետային հարձակման է ենթարկվել Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ռազմական ավտոշարասյունը։

 

Be the first to comment on "Ռուսաստանն այլևս վստահելի չի համարում Էրդողանին. թուրք սյունակագիր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ