Դինա Ավետիսյանի տոնական ֆոտոշարքն ու կյանքը ԱՄՆ-ում

 

Հեռուստատեսային մի շարք նախագծերից հայտնի Դինա Ավետիսյանին անդրադառնալու առիթներ ունեցել ենք: Այս անգամ հաղորդավարուհին, ով տարիներ առաջ ամուսնացել եւ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, BRAVO.am-ին է տրամադրել տոնական գեղեցիկ ֆոտոշարքը երեխաների հետ, նաեւ խոսել է մայր լինելու հաճույքի, զբաղվածության եւ իր ամենասիրելի Ամանորի մասին:

«Երեխաներս սովոր են»

Երեխաներիս հետ հաճախ եմ լուսանկարահանման մասնակցում, որովհետեւ կյանքում շատ կարեւոր են դրանք ինձ համար. ցանկացած միջոցառման համար առաջինը հենց նկարահանման հարցն եմ կարգավորում: Տոնական այս ֆոտոշարքը Գոհարիկի ստուդիայում ենք արել, այն մեր ընտանեկան ալբոմի մի մասը կդառնա: Երեխաները հաճախ են նկարվում, դրա համար սովոր են խցիկին: Սկզբում փոքր-ինչ ամաչկոտ էին, հետո բացվեցին, աղջիկս ավելի անկաշկանդ էր, տղաս էլ կրկնօրինակում էր քրոջը:

Դինա Ավետիսյանը

 
«Փորձում եմ բաց չթողնել»

Դեռ երկու բալիկ ունեմ, բնականաբար, ժամանակիս մեծ մասն իրենց հետ եմ անցկացնում: Տարիները շատ արագ են թռնում, եւ երբ հետո հիշողություններում, տեսանյութերում տեսնում ես՝ ինչքան փոքր էին երեխաները, ինչպես անցավ ժամանակը, կարոտում ես այդ շրջանը, այդ պատճառով փորձում եմ իրենց հետ անցկացնելու պահերը բաց չթողնել եւ տպավորություններիս մեջ ձայնագրել ամեն նոր խոսքը, ամեն նոր քայլը, չարաճճիությունը: Այս տարի առաջին անգամ աղջիկս դպրոց գնաց, եւս մեկ նոր աշխատանք է. միասին պետք է անցնենք դպրոցական առաջին տարիները:

Հայկական հեքիաթի երեկոներ՝ Գլենդելում

Ժամանակիս մեծ մասը երեխաներիս տրամադրելով եւ փորձելով լցնել նրանց առօրյան` նաեւ մի շատ գեղեցիկ գաղափար եւ երեկոներ ենք անցկացնում մեր` Grand Stage Dance կատարողական արվեստի դպրոցում, որը ես եւ Վարդուհի Ալեքսանյանը հիմնեցինք երկու տարի առաջ: Պարարվեստի դպրոցը Գլենդելում է, ունենք գեղեցիկ բեմ եւ հասկացանք, որ այն կարող է ծառայել նաեւ տիկնիկային թատրոնի համար: Տիկնիկները Հայաստանից ձեռք բերեցինք եւ այժմ հայկական հեքիաթի երեկոներ ենք անցկացնում: Բեմում հեքիաթ պատմողն է, եւ խաղում են տիկնիկները, նաեւ դերասաններ: Շատ գեղեցիկ եւ պրոֆեսիոնալ խումբ եմ հավաքել. Հայաստանից նոր տեղափոխված աղջիկներ են, ավարտել են Թատերական  ինստիտուտը եւ ունեն բեմում աշխատելու փորձ: Միասին ընտրում ենք հեքիաթը, ի դեպ, միայն հայկական հեքիաթներ ենք բեմադրում, որը նաեւ ուսուցանող նպատակ ունի տեղի երեխաների համար: Բացի փորձերից ու բեմադրական ընթացքից, այդ ամենը վերջում վայելում եմ որպես մայր, որովհետեւ նայում են իմ երեխաները, ինչը շատ եմ կարեւորում: Մեծ ոգեւորությամբ եւ հպարտությամբ ես այդ ամենը անում, հատկապես երբ լսում ես ծնողների արձագանքը, ավելի ես ոգեւորվում եւ նոր հեքիաթ ընտրում բեմադրության համար:

Դինա Ավետիսյանի երեխաները

«Ուղղակի չեմ կարող…»

Տարին մեկ կամ երկու անգամ պարտադիր այցելում եմ հայրենիք՝ կախված զբաղվածությունից. առանց Հայաստան ու Երեւան պարզապես չեմ կարող ապրել: Երբ մարդ ծնվում ու մեծանում է մի երկրում, հետո տեղափոխվում է այլ երկիր` մշտական կամ ժամանակավոր բնակության, միեւնույն է, ուղիղ կեսը շարունակում է ապրել այդ երկրում, այդ քաղաքում, մտքերդ ու հիշողություններդ դեռ այնտեղ են: Տարին գոնե մեկ անգամ չայցելել Երեւան մի քանի ամսով, ուղղակի չեմ կարող: Հատկապես, ինձ համար շատ կարեւոր է, որ երեխաներս լինեն այդտեղ, վայելեն ամառը, շփվեն տեղի երեխաների հետ, բակում խաղան:

Ամենասիրելի տոնը

Ամանորը եւ Սուրբ Ծնունդը շատ-շատ եմ սիրում: Որպես երեւույթ՝ գեղեցիկ է իր աքսեսուարներով՝ սկսած տոնածառի ներկայությունից, մթնոլորտը փոխվում է, տոնական տրամադրությունը ամենուր զգում ես` մարդկանց աչքերում, հատկապես երեխաների, Ձմեռ պապի սպասումը, նվերները, փաթեթավորելու ընթացքը, տոնածառի տակ դնելը, շատ գեղեցիկ առիթ է՝ նվերներ տալու հարազատ մարդկանց: Հիշեցի այն տողերը, որ կյանքդ բաժանվում է երկու փուլի. առաջինում հավատում ես Ձմեռ պապի գոյությանը, երկրորդում` դու ես արդեն Ձմեռ պապիկ:

«Հավատում եմ…»

Դեռ հավատում եմ Ձմեռ պապի գոյությանը եւ վստահ եմ, որ այդպիսի մի ուժ կա աշխարհում, որն անպայման բոլորին փոխհատուցում է՝ ըստ իր ապրած կյանքի, հետեւաբար, մեծ շուքով ենք նշելու, եւ մեծ սպասումով եմ լցված Ամանորի նկատմամբ: Շատ բծախնդրորեն ընտրել ենք մեր տոնածառը, երեխաների հետ զարդարել ենք այն:

«Ընտանիքս ինձ հետ է»

Հիշում եմ դեռ մանկությունից, որ մեր տանը միշտ եղել է յուրօրինակ ու գեղեցիկ տոնածառ` ի շնորհիվ ստեղծագործ մայրիկիս: Բակի բոլոր բալիկները գալիս էին մեր տոնածառը տեսնելու, նույնն էր նաեւ ուսանողական տարիներին: Շատ կարեւորում եմ տոնածառի տեսքը՝ յուրօրինակ, գեղեցիկ: Հաճախ երեխաներիս հետ տոնածառի խաղալիքներ ենք պատրաստում, եւ դրանք ավելի ոգեւորված են կախում: Այս տարի բուերով ենք զարդարել մեր տոնածառը: Տղաս մի տեսակ վախենում էր այդ թռչնից, բայց հետո ինքնուրույն կախեց դրանք: Միշտ արհեստական ծառ եմ զարդարում` հասկանալով բնության կարեւորությունը: Ես այն երջանիկներից եմ, ով այս տարի Ամանորին հյուր է կանչել իր ընտանիքին: Փոքր քույրս, մայրս Հայաստանից եկել են, եւ իմ տանը միասին նշելու ենք Նոր տարին: Կարեւոր է, որ ընտանիքս ինձ հետ է:

Դինա Ավետիսյանը՝ դստեր հետ

«Ցանկություններս այնքան շատ են»

Ուզում եմ իմ բարի մաղթանքը հղել իմ Երեւանի յուրաքանչյուր բնակչին, գյուղերի բնակչությանը եւ հուսով եմ, որ մենք երբեք չենք կորցնի այդ եռանդը, ոգեւորությունը Ամանորի նկատմամբ: Պատկերացնում եմ` հիմա ինչ է կատարվում Երեւանի փողոցներում, խանութներում… Ինձ համար իրոք գեղեցիկ օրեր են: Հուսամ՝ շան տարում կունենանք միայն լավ նորություններ, փոփոխություններ, ավելի հավատարիմ մարդկանց մեր կողքին, ավելի աշխատունակ կլինենք ինքներս, ավելի պատասխանատվությամբ կլցվենք ե՛ւ մեր նկատմամբ, ե՛ւ մեզ նայող բոլոր աչքերի:

Իսկապես ցանկություններս ու մաղթանքներս այնքան շատ են. ուզում եմ՝ իմ համաքաղաքացիների բարի օրերը շատ լինեն, իմ Երեւանի գեղեցկուհիները ավելի հաճախ ժպտան, տղաներն էլ հպարտանալու ավելի շատ առիթներ ունենան: Գեղեցիկ ամանորյա օրեր եմ մաղթում բոլորին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Be the first to comment on "Դինա Ավետիսյանի տոնական ֆոտոշարքն ու կյանքը ԱՄՆ-ում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ