Հենրիխ Մխիթարյանը պետք է չլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում. Արթուր Ալեքսանյանի եղբայր

 

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայել Ալեքսանյանը, իր եղբոր պես քննադատել է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անցկացրած «Տարվա 10 լավագույն մարզիկների» քվեարկությունը: Գյումրեցի ըմբիշի կարծիքով՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի լիգայի գավաթը նվաճած և եվրագավաթներում հաղթած առաջին հայաստանցին դարձած Հենրիխ Մխիթարյանը պետք է չլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում, որում 28-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր կարիերայում առաջին անգամ:

«Ծիծաղելի է նայել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկին։ Նրանցից շատերը արժանի չէին գտնվելու տասնյակի մեջ, ավելին քան Օլիմպիական խաղերի մեդալակիր, ծանրորդ Գոռ Մինասյանը, ով այս տարի նվաճեց ծանրամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալ և մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը, կամ Լևան Բերիանիձեն և Գեորգի Կետոևը, որոնք ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճեցին բրոնզե մեդալներ։ Այսպես կարող եմ թվել ևս մի քանի Եվրոպայի և աշխարհի մեդալակիրների՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, Գրիգոր Գրիգորյան, Ռուբեն Ալեքսանյան։ Վերը թվարկած մեր արժանի մարզիկները, ի տարբերություն տասնյակում գտնվող մի քանիսի, իրենց թույլ չտվեցին ընկնել դռնեդուռ և խնդրել, որ քվեարկեն իրենց օգտին։ Ստացվում է, որ տասնյակում ընդգրկվել են «sms հավաքողներ», այլ ոչ թէ մարզիկներ, որոնք արժանի էին գտնվելու լավագույն տասնյակում։

Ինչ վերաբերվում է Հայաստանի լավագույն մարզիկին, կասեմ, որ Արթուր Ալեքսանյանը այս չորս տարիների ընթացքում եղել է լավագույնը և այս տարի ևս արժանի էր լավագույնը լինելու։ Զարմանալի է, որ չորս տարի անընդմեջ UWW-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում լինելով առաջինը, իր երկրում երկրորդն է։ Ես շատ հարգում եմ Հենրիկ Մխիթարյանին, բայց նա չպետք է գտնվեր այս տասնյակում։ Նա, անկասկած, Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է, բայց իր երկրի համար ոչինչ չի նվաճել, որ արժանանար լավագույն տասնյակում գտնվելուն։ Այն, որ նա ճանաչում է բերել մեր երկրին, չի նշանակում, որ պետք է հայտնվեր Հայաստանի 10 լավագուն մարզիկների ցանկում։ Այս նույն տրամաբանությամբ տասնյակում կարող են ընդգրկվել աշխարհահռչակ նկարիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի աստղեր, ինչպես նաև մարզիկներ Գեղարդ Մուսասին ու Դավիթ Խաչատրյանը և անգամ Դան Բիլզիրյանը, չէ որ նա պոկերի աշխարհի չեմպիոն է։ Նրանք նույնպես ճանաչում են բերել մեր երկրին տարբեր ոլորտներում։ Կատակը կատակ, բայց Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկը, ըստ նվաճած մեդալների, պետք է ունենար հետևյալ տեսքը՝

1. Արթուր Ալեքսանյան
2. Մաքսիմ Մանուկյան
3. Հովհաննես Բաչկով
4. Սիմոն Մարտիրոսյան
5. Գոռ Մինասյան
6. Լևան Բերիանիձե
7. Գեորգի Կետոև
8. Արթուր Թովմասյան

Իսկ վերջին 2 տեղերը չեմ նշում, քանի որ մեր մոտ կան Եվրոպայի առաջնություններում մեդալ նվաճած 3-4 մարզիկներ, ովքեր արժանի հավակնորդներ էին այդ տեղերին»,- գրել է գյումրեցի ըմբիշը:

Be the first to comment on "Հենրիխ Մխիթարյանը պետք է չլիներ Հայաստանի 10 լավագույն մարզիկների թվում. Արթուր Ալեքսանյանի եղբայր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ