Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից փախած 3210 երիտասարդ ՊՆ-ին վճարել է 4.3 միլիարդ դրամ

Վերջերս Հայաստանի Ազգային ժողովի վավերացմանն էր ներկայացվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրենքի փոփոխությամբ նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած եւ մինչեւ 18 տարին ՀՀ-ից հեռացած 27 տարին լրացած  երիտասարդ տղաներին հնարավորություն ընձեռել կատարել համապատասխան վճարում  եւ զերծ մնալ քրեական հետապնդումից: Նշենք, որ այս օրենքը գործում էր վաղուց, ԱԺ-ի վավերացման էր ներկայացվել օրենքի ժամկետները երկարացնելու հարցը:

Նշյալ անձինք յուրաքանչյուր զորակոչի համար վճարելու են օրենքով սահմանված 100 հազար դրամ: Այսինքն՝ 18-ից մինչեւ 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ:

Armtimes.com-ը ՀՀ պաշտպանության նախարարությանը խնդրել է տրամադրել, թե վերջին հինգ տարիների ընթացքում` 2012-2017 թվականներին այս օրենքի դրույթներին համապատասխան քանի երիտասարդ է վերադարձել Հայաստան:

Պնախարարությունից մեզ էին տրամադրել օրենքի շրջանակներում դիմած եւ սահմանված կարգով որոշում կայացած քաղաքացիների թվային տվյալները:

Այսպիսիով, 2012 թվականին նշյալ օրենքի շրջանակներում Հայաստան վերադարձել եւ համապատասխան վճարում կատարել է 797 արական սեռի քաղաքացի: Նրանց ընդհանուր վճարումը կազմել է 1 միլիարդ 47 միլիոն 180 հազար դրամ: 2013 թվականին ՊՆ դիմած քաղաքացիների թիվը նվազել է`604, իսկ համապատասխան վճարը եղել է 801 մլն 230 հազար ՀՀ դրամ:  2014 թվականին համապատասխանաբար եղել է 672 քաղաքացի եւ 912 մլն 570 հազար ՀՀ դրամ: 2015 թվական`642 քաղաքացի եւ 817 մլն 770 հազար ՀՀ դրամ, 2016 թվական`264 քաղաքացի եւ 334 մլն 300 հազար ՀՀ դրամ:

Ինչպես 2016 թվականին, այնպես էլ 2017 թվականի սեպտեմբերի առաջին կիսամյակում օրենքից օգտվողների թիվը կտրուկ նվազել է: Այս տարվա մինչեւ սեպտեմբերի 15-ը սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքից օգտվել է 231 քաղաքացի, նրանք պետական բյուջե վճարել են 305 մլն 780 հազար ՀՀ դրամ:

Ստացվում է այս հինգ տարիների ընթացքում այս օրենքի շրջանակներում ընդհանուր առմամբ պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվել է 3210 երիտասարդ, իսկ նրանց վճարած ընդհանուր գումարը կազմում է 4 միլիարդ 228 միլիոն 830 հազար ՀՀ դրամ:

Օրենքից օգտվողների թվի կտրուկ նվազումը երկու պատճառ կարող է ունենալ: Չի բացառվում, որ մինչեւ 18 տարեկանը լրացած երիտասարդներն հեռանում են`չվերադառնալու պայմանով, կամ էլ նվազել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափողների թիվը:

Մեր գրավոր հարցման մեջ խնդրել էինք պարզաբանել, թե ինչ նպատակով են ծախսվում այդ գումարները:

«Մուտքագրված գումարները օգտագործվում են ռազմական կարիքների համար` սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն»:

Օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Be the first to comment on "Վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանից փախած 3210 երիտասարդ ՊՆ-ին վճարել է 4.3 միլիարդ դրամ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ