Չեմ հասկանում՝ ինչ, բայց երգում եմ. բրիտանական «Ձայնի» ֆինալիստը Կոմիտաս է կատարում. վիդեո

Բրիտանական «Ձայնը» նախագծի ֆինալիստ Էշլի Մորգանը սիրահարվել է Հայաստանին ու հայկական մշակույթին: Այս օրերին նա երգչուհի Հասմիկ Կարապետյանի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում է: Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, երգչուհու տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում նա պատմեց՝ ինչպես է իմացել Հայաստանի մասին:

«Այստեղ եղել եմ 10 տարի առաջ, իսկ վերջին անգամ՝ այս տարվա մայիսին, եւ հենց այդ ժամանակ էլ ծանոթացել եմ Հասմիկի ու Ալլա Լեւոնյանի հետ: Շատ ոգեւորված էի: Հիմա 3-րդ անգամ եմ այստեղ: Եկել եմ Հասմիկի տեսահոլովակի շնորհանդեսին մասնակցելու համար: Հայաստանի մասին գիտեմ վաղուց: Երբ շատ երիտասարդ էի, ընկերացա Համիկ Ազարյանի հետ, որը ծնվել է Միացյալ Թագավորությունում: Նա ինձ ծանոթացրեց հայկական մշակույթին, եւ ես դարձա հայկական երաժշտության մեծ երկրպագու: Այդ ժամանակվանից լսում եմ Հասմիկի, Ալլայի, Սիրուշոյի, Ռազմիկ Ամյանի, Ինգա եւ Անուշ Արշակյանների եւ շատ այլ հայ կատարողների երգեր»,- պատմեց նա:

Հատկապես շատ Էշլին սիրում է Կոմիտասին: Նրա ստեղծագործություններից մի քանիսը կատարում է: Մոտ ժամանակներս պատրաստվում է ձայնագրել այդ երգերի քավըր տարբերակները:

«Ձայնագրելու եմ Կոմիտասի «Վայ վայ»-ի եւ գուցե նաեւ «Սարերի հովին մեռնեմ» երգի քավըրը, շատ գեղեցիկ երգ է: Ես չեմ հասկանում՝ ինչ եմ երգում, բայց երգում եմ: Հայերենը շատ բարդ է ինձ համար, հնչյունները շատ դժվար են հատկապես «ղ»-ն»,- ասաց նա:

Հայկական շոու բիզնեսը, ըստ Էշլիի, հետաքրքիր յուրահատկություն ունի: Կատարողները ժամանակակից ստեղծագործությունների հետ մեկտեղ ներկայացնում են նաեւ ժողովրդականը:

«Լինելով բրիտանացի՝ հայկական շոու բիզնեսում ես սիրում եմ այն, որ դուք ժամանակակից երաժշտությանը զուգահեռ ունեք նաեւ ավանդականը, ժողովրդականը, օրինակ՝ Կոմիտաս: Դուք մեծ հարգանք ունեք ժողովրդական երաժշտության նկատմամբ: Մենք Բրիտանիայում, կարծում եմ, մի փոքր կորցրել ենք դա»,- ասաց նա:

Հայաստանում Էշլին մասնակցում է «Toot» ստուդիոյի «Car Toot Karaoke» նախագծին, որի հաղորդավարը Հասմիկ Կարապետյանն է: Հաղորդումը դեռ չի հեռարձակվում: Ըստ ձեւաչափի, հյուրերը լինելու են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, եւ Էշլին կատարելու է հատվածներ նրանց երգերից: 6-7 թողարկման մեջ է նկարահանվել Ալլա Լեւոնյանի, Սոֆի Մխեյանի, Ավետ Բարսեղյանի, Ռազմիկ Ամյանի եւ այլ հայտնիների հետ:

Այս անգամ ընդամենը 5-օրով է Հայաստանում, բայց անպայման նախատեսում է վերադառնալ: Ցանկանում է դուետներ կատարել հայ երգիչների հետ: Հատկապես երազում է երգել Սիրուշոյի հետ:

Be the first to comment on "Չեմ հասկանում՝ ինչ, բայց երգում եմ. բրիտանական «Ձայնի» ֆինալիստը Կոմիտաս է կատարում. վիդեո"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ